ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի դիվերսիոն խմբերից մաքրել են Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չնայած երեկ Բերձորի ճանապարհը Լիսագորի հատվածում կարող էր վտանգ ներկայացնել, այսօր մեր ստորաբաժանումների կողմից այն մաքրվել է, և համապատասխան պարեկություն է իրականացվում»,- ասաց Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ քաղաքացիական անձանց համար այդ ուղղությունն անվտանգության նկատառումներից ելնելով դեռ փակ է:

ՊՆ ներկայացուցիչը անդրադարձավ նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը, որում նշվում էր, որ 80 տեղացի և օտարերկրյա լրագրողներ առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարողանում հասնել Հայաստան, որովհետև ընկնում են ադրբեջանական զորքերի կրակի տակ: Հովհաննիսյանն ասաց, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցները, և այստեղ զարմանալու բան չկա:

«Անձամբ շփվել եմ լրագրողներից շատերի հետ: Պաշտպանության բանակը, Արցախի իշխանությունները աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել և շարունակում են աշխատել, որևէ խոչընդոտող հարց չկա: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան»,- ասաց Հովհաննիսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.