Բերդաքաղաք Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:

Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,-«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցի իր էջում հրապարակել է Շուշի այցից լուսանկարներ՝ նշելով. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.