Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբ:

Բանաձևում նշվում է, որ քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևի Կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու համար: Կանադայի կառավարությանն առաջարկվում է Արցախի հայերին տալ անջատ լինելու հնարավորություն՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը: Արցախի անկախության մասին ճանաչման բանաձևեր են ընդունել Իտալիայի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.