Դիվերսանտներին հատիկ-հատիկ բռնելու ու ոչնչացնելու ենք, Արցախի հարավում կլինի, թե հյուսիսում, էական չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե այդ ձորակներն իրենց համար թաքնվելու տեղ են ընտրել ու փորձում են դրանցով մեզ մոլորեցնել ու խաբել, միևնույն է, այդ բոլորն իրենց գերեզմանն է դառնալու»,- ասաց նա։
Նա անդրադարձավ ադրբեջանական քարոզչությանը՝ նշելով, որ Հայաստանում այն իր ազդեցությունն ունենում է։ «Ես ցավում եմ, որ շատ հաճախ Սփյուռքից ու Հայաստանից եկած կամավորների մասով են Ադրբեջանում նյութեր պատրաստում, և դա ինչ-որ մարդկանց վրա ազդում է։ Առաջնագծում ես տեսնում եմ մի բան, մեր ողջ ժողովրդի միասնությունն եմ տեսնում։ Հայը՝ լինի Լիբանանից, Ֆրանսիայից, իմ հետ եկել են ընկերներ ԱՄՆ-ից, մարդիկ եկել են իրենց սուրբ հողը պաշտպանելու։ Եվ եթե պատերազմը 10-15 օր առաջ այլ էր, մի փոքր ավելի ծանր էր մեր վիճակը, հիմա էլ ավելի լավ է, քան 15 օր առաջ, բայց ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են։ Միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ՝ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել։ Հիմա մեր թե ներուժը, թե կազմակերպվածությունը, թե կառավարումը շատ ավելի լավ վիճակում են։ Եվ ադրբեջանական պսևդոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք այստեղ Արցախում չենք տեսնում դա։
Իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը, մենք չենք տեսնում ոչ խուճապ, չենք տեսնում անկազմակերպվածություն, որևէ մեկին այստեղ զոռով պահել»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ այն մարդիկ, ովքեր ընկել են Ադրբեջանի քարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորել, նրանք ուղղակի պետք է իմանան, որի մենք հաղթելու ենք։ «Ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես երբեք չէի ասի այդ բառերը, եթե ինքս իմ մեջ վստահ չլինեի։ Ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը Ֆիզուլիում, Հադրութում, տեսել եմ մեր երիտասարդ սպաներին, կամավորականներին։ Չի կարող այս կամքը, կրակն ու էներգիան պարտվել, դա անհնար է։ Եվ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, ովքեր ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ Տեսանյութում