«Երեկ երեկոյան հակառակորդը գրավել է Կուբաթլուն…». Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ, ցավոք, երեկոյան ուշ ժամի մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրել է այսօր արված հայտարարության մասին, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը՝ ահաբեկչական և այլ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ, հարձակում են ձեռնարկել հարավարևելյան մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով ու ռմբակոծելով Արցախի քաղաքները:

«Կա արդեն պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատի բնագիծը՝ չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել:

Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են․ Ջիվանիկ, Ազոխ, Շեխեր և հարակից գյուղերում:Որոնողական և ջախջախման գործընթացներն այդ ուղղությամբ շարունակվում են:

Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին: Ես հավատում եմ հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկջոկատայիններին: Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր: Հաճախ մենք նահանջում ենք, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չի: Վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայ գեներալն այսօր ինքնաձիգը ձեռքին կռվում է հայ զինվորի, կամավորի կողքին: Վստահ է, որ հաղթելու ենք, այլընտրանք չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.