Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմի առաջնագիծ մեկնած կամավորները խոստանում են հաղթանակած վերադառնալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում նրանք նաև իրենց միանալու կոչ են հղում բոլորին:
«Զորքի բարոյահոգեբանական վիճակը բավական բարձր է: Մենք բոլորս էլ այս պահին այն համոզմունքն ունենք, որ պետք է բոլոր դժվարություններին դիմանանք, ջախջախենք թշնամուն ու դրանով պաշտպանենք մեր ապրելու, գոյություն ունենալու իրավունքը: Անում ենք մեզնից կախվածը, ամեն գնով պատրաստ ենք կանգնել մեր հողը պաշտպանելու»,- ասում են կամավորները:
Նրանք նշում են, որ մինչև վերջին պահը կռվելու և հաղթելու են:
«Վճռական ենք տրամադրված, սա մեր հայ ազգի համար կենաց-մահու պայքար է: Սա բոլորիս խնդիրն է, բոլորս միասին պետք է մեր հողը պաշտպանենք: Ամուր է մեր պաշտպանությունը, հզոր է մեր բանակը, բոլորին կոչ եմ անում մեկնել առաջնագիծ, միանալ հայոց բանակին, որովհետև սա այն հնարավորությունն է, որ պետք է ծառայես քո հայրենիքին ու քո ներդրումն ունենաս ազգի գոյության պահպանման մեջ»,- նշում են նրանք:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը, արձակելով հինգ հրետանային արկ:
Մանրամասները՝ Տեսանյութում