Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,- «Արմենիապրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

«Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:  

«Արմենիապրես»ջերմորեն շնորհավորում է Ձեր ծննդյան  տարեդարձի առթիվ։ Այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայաստանի միշտ բերի իր ցանկալի արդյունքները: Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում ենք  Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի բարօրություն բոլորիս:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.