Ադրբեջանի կողմից կտրականապես մերժվել է Կարմիր խաչի միջնորդությամբ վիրավորներին դուրս բերելու փորձը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու   համար։ 

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ  այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է  պաշտոնական Բաքվի կողմից։ 

Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

Հիշեցնենք, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ այս գիշեր, ժամը 00:00-ից սկսած, պետք է ուժի մեջ մտներ հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.