Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:
Այն մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ Ադրբեջանի կողմից: Շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:
Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:
Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.
- 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում
- 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից
- 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել
- Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը
Մեկնաբանելով Բելգիայի ֆլամանական խորհրդարանի բանաձևը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց. «Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանա-թուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման է»: