Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն՝ հոկտեմբերի 15-ից:
Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, հաշվի առնելով` կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը:
Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:
Մեր պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:
ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:
Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին»,- գրել է նախարարը: