Մոսկվայում մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Այցը, որը կրում է պաշտոնական բնույթ, տևական ժամանակ ծրագրվում և նախապատրաստվում էր: Մոսկվայում նախատեսված է նաև ՀՀ ԱԳՆ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ՌԴ ԱԳՆ-ում մեկնարկած հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով, գործակցությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Մանրամասները՝ Տեսանյութում