ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որն արդեն ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և անօդաչու թռչող սարքերը։ Եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները տան դրա եզրակացությունները, ասել է Դավիթ Տոնոյանը։
Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս, և եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր է, մեր պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի, եզրափակել է Տոնոյանը։