Կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը «Հովազ-1» դիրքում շրջափակման մեջ վերցրել հակառակորդին, որը հետ է շպրտվել՝ դիրքի տարածքում թողնելով 9 դի

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում պատմում է «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմի և դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի արիության մասին։

«Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:

Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:

Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»,– գրել է Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.