Վարչապետ Փաշինյանը՝ France24-ին. Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը

Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում:

«Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք»,-ասել է ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից՝ Փաշինյանն ասաց՝ իհարկե: «Ես կասկած չունեմ դրա վերաբերյալ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ Փաշինյանն ասաց. «Թուրքիայի այդ անդամը երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի վրա: Եկեք տեսնենք, թե Թուրքիան ինչ է անում Միջերկրական ծովում, ինչ է անում Սիրիայում, Իրաքում: Թուրքիան հիմա հստակ նպատակ ունի՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Եվ չզարմանաք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենա, չզարմանաք, եթե նրանք փորձեն ընդգրկել այդ կայսրության մեջ ոչ միայն հունական կղզիները, այլ ավելի ընդարձակվեն դեպի մայրցամաքային Եվրոպա և մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք նրան Վիեննայում»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե այլ լուծում չի՞ տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելը և պայքարը շարունակելը՝ վարչապետն ասաց, որ հարցի խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: «Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան ունի ասելու: « Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: 

 

Մանրամասները France 24-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.