Ֆրանսիացի լրագրողի վիրահատությունն ավարտվել է․ նրան կտեղափոխեն Երևան

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ասել է, որ վիրավոր լրագրողներից մեկը վիրահատվել է Մարտունու շրջանային բուժմիավորումում, ապա տեղափոխվել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս վիրավորը վիրահատվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում:Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը։

Ըստ նախարարի՝ վիրահատությունն արդեն ավարտվել է: Կատարվում են վերջին դիագնոստիկ հետազոտությունները: Մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում նրան ռեանիմոբիլով կտեղափոխեն ՀՀ:

«Նշեմ, որ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկրորդ հիվանդի վիճակը՝ միջին ծանրության: Նախնական տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդներից մեկը ստացել է ձախ ազդրի վիրավորում, երկրորդը՝ մի քանի վիրավորում, այդ թվում՝ կոմբինացված տրավմա, ձեռքի, ոտքի և իրանի շրջանում վնասվածքներ»,- հայտնել է Ա. Օհանջանյանը:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, այսօրվա հրետակոծությունից Մարտունիում վիրավորում է ստացել 11 քաղաքացի: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 բնակիչ: Բոլոր վիրավորներին տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում և զինվորական հոսպիտալ:

Անդրադառնալով Արցախի առողջապահական համակարգի ներկայիս ընդհանուր վիճակին՝ Ա. Օհանջանյանը նշել է, որ համակարգն ի զորու է ընդունելու մեծ քանակի վիրավորներ. բուժանձնակազմի առումով ևս խնդիրներ չկան: Հիվանդանոցի 10 վիրահատարաններն, ըստ նախարարի, ի վիճակի են միանգամից կատարելու վիրահատություններ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.