«Չգիտեմ՝ ձեր հրեշավոր ծրագրերում էլ ինչեր էիք նախատեսել իմ ու դստերս համար…». Լուսինե Խաչատրյան

Լրագրող՝ Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում  նոր գրառում է կատարել.

Դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանության մարզային բաժինների պետեր, որոնցից մեկը Գավառի ոստիկանության բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն է:
Միջադեպի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, վնասվել է աչքը, տեղափոխվել Երևան, վիրահատության ենթարկվել՝ 14 կար...
Ցավալի է, բայց տեղի ունեցածը ամենևին զարույթ, խղճահարություն կամ զարմանք չի առաջացնում, գոնե ինձ համար սպասելի էր, որովհետև ոչինչ անպատասխան չի մնում և եթե երկրային օրենքները շրջանցելի են, երկնայինը անխախտ է՝ ճիշտ նշանակետին:

Այժմ չեմ բացի փակագծերը, թե իշխանական թիմից ում հովանավորչությամբ են Գեղարքունիքի մարզում պաշտոնների նշանակվում ոստիկանության Մալաթիայի, քննչական բաժինների աշխատակիցները, այս դեպքում՝ Մալաթիայի նախկին ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը, որին բոլորովին վերջերս «գործուղել էին» կադրերի ռեզերվ (ըստ պաշտոնական հաղորդագրության), սակայն պարզվում է, որ ամենակարող ուժը այս դեպքում էլ չի հապաղել՝ պարոն Մեսրոպյանին տեղավորել է Գավառի ոստիկանապետի աթոռին:
Նոր Հայաստանում հաստատված իրողություն է, որ որքան շատ են գործած մեղքերն ու հանցանքները, այնքան մեծ են պաշտոնների հավակնելու հնարավորությունները:
Օրենքի պահապանների՝ օրեցօր ահագնացող կատաղությունն ու անպատժելիության վստահությունը ներկա իշխանությունների «կերտած» ամենաթողությունների հետևանք են, իսկ համայնքը զորավոր է, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, և ամեն օր մարդկանց նյարդերի վրա ազդող շարքային ոստիկաններից մինչև բաժնի պետեր պետք է հասցնեն շեֆերի քիմքին հաճո պատիժներ սահմանել՝ տարատեսակ բռնություններ կիրառելով, իսկ երբ համարժեք պատասխանի են արժանանում հանրության կողմից՝ արդեն անընդունելի է, շեֆերը անմիջապես գործի են անցնում՝ բոլորին պատասխանատվության ենթարկելու ամենախիստ ձևերը դրոշակ դարձրած:

Այդ նույն շեֆերը, որոնցից շատերի գրպաններն ու վզերը գրեթե հավասարվել են իրենց աշխատասենյակների սեղանների լայնքին ու երկարությանը՝ լռեցին, երբ նույն Իգոր Մեսրոպյանը անչափահաս դստերս, առանց իրավունք ունենալու, զրկեց իր բնակարանից, Մալաթիայի բաժնի՝ իր մարդակերների միջոցով փակի տակ դրեց ողջ ունեցվածքս, այնուհետ՝ մեկ ամիս անց, թմրամոլների, բենզինիստների, հանցագործ-վաշխառուների խմբին գործուղեց իմ բնակարան՝ ունեցվածքս ոչնչացնելու, ինչն էլ արեցին մեծագույն նվիրումով ու իշխանությունների գիտությամբ. մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Պարոն Իգոր Մեսրոպյան, չգիտեմ, թե ձեր հրեշավոր ծրագրերում էլ ինչեր էիք նախատեսել իմ ու դստերս համար, բայց հավատացեք՝ արել եք անհնարինը ու վաստակել եք հնարավոր բոլոր պատիժներին արժանանալու իրավունքը: Հիշեցնեմ, որ այն տեսանյութերը, որոնք շուտով կհանձնեմ հանրության դատին, սպառալիք չէին, ինչպես որակում էիք, երբ կարճաժամկետ տեղավորված էիք ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի աթոռին, դրանք ձեր անփառունակ պաշտոնավարման ամոթն ու խայտառակությունն են, իսկ այսօրվա ձեր ստացած վնասվածքները կրկին օրենքի բացակայության ապացույցն են, որովհետև որևէ օրինական երկրում ձեր նմանը պատժված կլիներ օրենքով ու հանգիստ կվայելեր իր անազատությունը:

Կուզենայի ցավ ապրել կատարվածից, մաղթել շուտափույթ ապաքինում, սակայն հիշեցնեմ ձեզ ու ձեր անթիվ համախոհներին, որ դստերս աչքերից թափված արցունքի ամեն կաթիլի համար ձեզանից յուրաքանչյուրի համար սահմանված պատիժները նույնքան անկանխատեսելի են, որքան դուք ու ձեր մշակած անմարդկային, մարդկային երևակայությունից դուրս քայլերն էին մեր նկատմամբ:
Հետհաշվարկը սկսված է, ապավինեք Աստծուն ու աղոթեք, որ հնարավորինս շուտ վերադառնա դստերս աչքերի ուրախությունը, գուցե այդ դեպքում յուրաքանչյուրիդ դատաստանը հնարավորինս մեղմ լինի, իսկ ձեր ձեռամբ պղտորված դստերս մանկությունը անվերադարձ է այլևս...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.