ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲ ընկերությունն ընդգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։
2013 թվականին պետական գույքի կառավարման վարչության իրավասու պաշտոնատար անձինք, «Լոգիստիկ-կենտրոն» ընկերությունը մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ և նշված ընկերության օգտին օգտագործելու դիտավորությամբ, հանձնարարել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք՝ օտարվող գույքը ընդհանուր՝ 200 միլիոն 537 հազար դրամի շրջանակներում գնահատելու վերաբերյալ ղեկավարության բանավոր ցուցումը կատարելու խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց ընկերության շարժական գույքերի փաստացի հետազոտություններ կատարելու, ինչպես և գույքերի գնահատման ոչ արդյունավետ մեթոդաբանություն կիրառելու եղանակով, կեղծ տեղեկություններ ներառելով գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ, կազմել և հաստատել են տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, ինչպես և եզրափակիչ ու այլ ակտեր, որոնք 2013 թվականի հունիսին հաստատվել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության» գլխավոր տնօրենի կողմից։
Ապօրինությունների հետևանքով «Լոգիստիկ-կենտրոնի», վերարտադրման արժեք կազմող, ընդհանուր՝ 326 միլիոն 871 հազար դրամ արժողությամբ գույքի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի չափով, որոնք գնահատվել են ընդամենը 200 միլիոն 537 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2013 թվականի օգոստոսին, Կառավարության որոշմամբ, դրանք 30 տոկոս նվազեցված՝ 140 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի նյութական վնաս։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: