Պենտագոնին պատերազմներ են հարկավոր ձեռնարկությունները հարստացնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ երկրի պաշտպանության նախարարությունը պատերազմներ է ցանկանում, որպեսզի հարստացնի զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Զինվորները սիրում են ինձ։ Պենտագոնի ղեկավարներն, ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետև նրանք չեն ցանկանում ոչինչ, բացի պատերազմից, որպեսզի բոլոր այն հրաշալի ընկերությունները, որոնք արտադրում են ռումբեր, ինքնաթիռներ և այլն, երջանիկ լինեն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք փոխնախագահ էր, երիտասարդներին ուղարկել է կռվելու։

«Բայց մենք դուրս ենք գալիս անվերջ պատերազմներից», – ընդգծել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը կողմնակից է «անվերջ պատերազմներին» վերջ դնելու քաղաքականությանը և զինվորականներին ԱՄՆ վերադարձնելուն։ Ըստ Թրամփի՝ դա է պատճառը, որ Պենտագոնի ղեկավարությունն իրեն չի սիրում։

Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնից ազատել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.