Ալեն Սիմոնյանն առաջարկել է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ է ներկայացրել՝ վիրավորանքի դեպքում պատիժը 1 միլիոն դրամից 5 միլիոն, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից մինչև 10 միլիոն դարձնելու մասին:

Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ նախնական առաջարկ է: «Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել, համապատասխանաբար, 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը, որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի»,- հայտարարել է նա:

Սիմոնյանի խոսքով՝ նախագծով առաջարկված գումարի չափը կզսպի ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի համացանցում լցված աղբից:

Սիմոնյանի ներկայացրած նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Մտահոգությանը ի պատասխան, թե սա լրատվամիջոցների դեմ կգործի, Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ սա ոչ թե լրատվամիջոցի դեմ օրենք է, արվում է ստի, զրպարտության դեմ:

«Այստեղ լիովին վակխանալիա է տիրում, ու մենք պետք է կարողանանք այդ պատասխանատվության գիտակցությունը դնենք, երբ գիտես, որ մեկին եթե վիրավորես, չպետք է մարդուն մղես այլ միջոցներով հարցը լուծելուն:

Ի՞նչ անի քաղաքական գործիչը, երբ իրեն վիրավորում են, եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանի, դառնում է նույնը, եթե ի պատասխան ֆիզիկական ներգործություն անի, դառնում է խուլիգան:

…Բնական է, մենք չենք կարող քրեականացնել նման բանը, պարզ է, բայց հաշվի առնելով հայկական իրականությունը, վիրավորանքի, զրպարտության ազդեցությունը հայկական իրականության մեջ, նման ձևով գոնե կզգուշանա այդ մարդը՝ հասկանալով, որ պատասխան է տալու նման բանի համար»,- մեկնաբանել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.