Կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին ոստիկանները բերման են ենթարկել

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։

Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով։ Նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից․ յուրաքանչյուրս պետք է հոգատարություն դրսևորի մեր քաղաքի, մեր հայրենիքի նկատմամբ՝ կառուցելով ու շենացնելով, այլ ոչ թե վնասել ու ոչնչացնել։ Ոստիկանությունը օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու է նմանօրինակ ցանկացած ոտնձգության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.