Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին հանդիսավոր պայմաններում:
Արմենակ Ուրֆանյանի պարգեւը հանձնվեց հերոսի մորը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդը ենթարկում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքերը կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:
Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակի հակառակորդը: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:
Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի:
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:
Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի, հիշե՛ք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:
2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանին Սերժ Սարգսյանը հետմահու պարգեւատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։