ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին:
«Արմենիապրեսս»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով նախօրեին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին:«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի, 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով:
Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, որոնք ժամանակավոր կացարան տեղափոխվելու ցանկություն են հայտնել, արդեն տեղավորվել են հյուրանոցում, սակայն եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկացել են այլ տեղ տեղավորվել:
«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:
Օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի, 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: Ռայնիսի փողոցի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում կատարել է ակնադիտական հետազոտություն։