«Նուբարաշեն» ՔԿՀ այցի ընթացքում ՄԻՊ-ը վնասվածքներ է արձանագրել 2 դատապարտյալի մարմնի վրա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Նուբարաշեն» ՔԿՀ արագ արձագանքման այցի ընթացքում վնասվածքներ է արձանագրել ազատազրկված 3 անձանցից 2-ի մարմնի վրա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ՄԻՊ հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՄԻՊ-ը հայտարարեց, որ ժամը 18:30-ի սահմաններում աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Ըստ մեկ այլ ահազանգի էլ՝ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում: Ահազանգի հիման վրա իրականացվել էր արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, եւ առանձնազրույցներ էին տեղի ունեցել 3 դատապարտյալների հետ:

Մեր զրույցում ՄԻՊ հանրային կապերից տեղեկացրին, որ բոլոր 3 ազատազրկվածները քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են բուժզննման, այս պահի դրությամբ պարզված տվյալներով՝ 3 դատապարտյալներից 1-ը բժշկական հետազոտություն է անցել նաեւ քաղաքացիական բժշկական հաստատությունում. «Ներկայում Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են բոլոր մանրամասները, որոնք կուղարկվեն Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն: Կպահանջվեն նաև անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ կապված բժշկական հետազոտության հետ»,- նշեցին ՄԻՊ-ից:

Միջադեպին երեկ արձագանքել էր նաեւ Արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով.

«Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»,- գրել էր ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.