Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին. Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար հարցազրույց տալով BBC-ի «Hard talk» հաղորդմանը։
Հայաստանի ղեկավարի խոսքերով՝ դառնալով Հայաստանի վարչապետ՝ ինքն առաջարկեց խաղաղության նոր բանաձև, այն է` ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
«Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը,- ասել է նա:
Հաղորդավարի դիտարկմանը, թե հուլիսի կեսերին հայկական ուժերը հրետակոծել են շփման գծի հատվածը, որի ընթացքում զոհվել է Ադրբեջանի 76-ամյա խաղաղ բնակիչը, ինչն էլ Ադրբեջանի պատասխան քայլերի պատճառ է դարձել, ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա հարձակումը.
«Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ ռազմական հռետորաբանություն էր բանեցնում` հայտարարելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։ Այս հռետորաբանության արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է մի իրավիճակում, թե ինչպես բացատրի սեփական ժողովրդին` ինչու չկարողացավ հարցն ուժով լուծել»:
Մեկնաբանելով Արցախում արված իր հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է, և վերջ՝ Փաշինյանն ասել է, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ.
«Իրականությունն այն է, որ այն ժամանակ, երբ սկսվեց հակամարտությունը, Արցախի բնակչության 80-90% -ը հայ էր, և Ադրբեջանը փորձեց տարածքը մաքրել հայերից: Եվ հակամարտությունը սկսվեց հենց այս պահից: Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք մեկ ընդհանուր անվտանգության տարածքում»,-նշել է Հայաստանի ղեկավարը:
Հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանի կեցվածքն ազգայնական է, Փաշինյանը նշել է, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև:
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և ի դեպ նաև Հայաստանի նկատմամբ: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հրաժարվել ուժի գործադրման որևէ հնարավորությունից: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա: Պատերազմը ողբերգությունների շղթա է հարուցում. այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման հեռանկարից: Խաղաղությունը ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: