ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը վերացվում է. Բադասյան

ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով, սակայն այս անգամ կան որոշ սահմանափակումների վերանայումներ: Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է: Մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով: Մասնավորապես անհրաժեշտ է Պարետի սահմանված կարգով և կանոններով դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը, անձանց միջև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,-ասաց Բադասյանը:

Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան քառասուն մասնակցով և պահպանելով Պարետի սահմանած կանոնները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.