Մեր բաց նամակը «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությանը. Ռաիսա Մելքոնյան

Ռաիսա Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել.

Մեր բաց նամակը <<Հայփոստ>> ՓԲԸ տնօրինությանը։

Հարգելի՛ <<Հայփոստ>> ՓԲԸ տնօրեն՝ Հայկ Կարապետյան.
Խոսքը ձեզ է ուղղում տարիներ շարունակ ձեր կազմակերպության ծառայություններից օգտվող, ձեր հաճախորդը հանդիսացող մի ակադեմիայի տնօրեն, ով Հայաստանի Հանրապետության հեղափոխության օրերից ի վեր, տեղի ունեցող բոլոր լավ փոփոխություններին արձագանքում և գովաբանում է նորակառուցման ամեն մի դրսևորումը:

Սակայն, օրեր առաջ, ձեր առաքման գնային փոփոխությունը կաթվածահար արեց աշխատանքային գործունեության մի ամբողջ համակարգ ու փաստի առաջ կանգնեցրեց ոչ միայն մեզ, այլ նաև մեր և ձեր ծառայություններից օգտվող հարյուրավոր հաճախորդների:
Ես կխոսեմ մեր տեսանկյունից և օրինակներով. Մենք հանդիսանում ենք մատնահարդարման պարագաների ներմուծող և վաճառող կազմակերպություն, որն ունի նաև առաքում:
Առաքման ծառայություններից օգտվում են հիմնականում մարզերում աշխատող մասնագետները, բայց եթե վարպետը երկու լաք գնելու դեպքում պետք է վճարի իր առևտրի 1/3-ը, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ դա մեղմ ասած արդար չէ:
<<Հայփոստի>> առաքման գնի թանկացումը՝ ոչ միայն կխաթարի Երևանից դուրս ապրող մասնագետների, առանց այն էլ կովիդից տուժած գեղեցկության ոլորտի աշխատանքը, այլև կբերի ծառայության գնի բարձրացման, որը ոչ միայն ցանկալի չէ, ինչպես նաև անթույլատրելի՝ հաճախորդերի ոչ վճարունակ լինելու պատճառով:
Ես՝ տասը տարի Հայաստանում ապրելով, ամեն ինչ արել եմ (անվճար սեմինարներ, դասընթացներ) միշտ առաջնություն տալով մարզերի աղջիկներին, որոնք քիչ վճարունակ են՝ քաղաքաբնակների համեմատ։ Այս քայլով մի կողմից համաճարակը, մյուս կողմից <<Հայփոստը>> զրոյի կհավասարեցնի իմ տարիների աշխատանքը։

Իհարկե օրինակները բազմահազար են ու անվերջ կարելի է թվարկել, բայց կարծում եմ ասելիքս հասկանալի էր ու կարողացա այն հնարավորինս մատչելի տեղ հասցնել: ԵՎ ուրեմն խնդրում եմ վերանայել գնային համակարգը և ականջալուր լինել իմ և համոզված եմ՝ իմ պես շատերի խնդրանքին:

Հարգանքներով՝ «Մետրո» Գեղեցկության Միջազգային Ակադեմիայի հիմնադիր- տնօրեն Ռաիսա Մելքոնյան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.