Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը:
«Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», - ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երկար ժամանակ մենք չենք հանդիպել` կորոնավիրուսի պատճառով: Հուսով եմ, որ մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, և մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է:
Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների վերացման վերաբերյալ զեկույցը: Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք: Կարող եմ Հայաստանի օրինակը բերել: Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ:
Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է: Քննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: Մենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշման: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում:
Լավ հանդիպում էր, ճիշտ է ձգձգվեց, բայց կարծում էմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը: