Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նա նաև հայտնեց նոր որոշման մասին:
Այսպես, վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի: Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց է առաջանում, և քաղաքացիների մոտ փաստաթղթի բացակայությունը գործընթացի արդյունավետության վրա ազդում է:
Նրա խոսքերով՝ անձը հաստատող փաստաթղթի ու դիմակի կրման կանոնների խախտումը դիտարկվելու են որպես առանձին իրավախախտումներ: Տուգանքները ևս սահմանվելու են առանձին՝ յուրաքանչյուր դեպքում 10 հազար դրամ:
Իսկ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանվել է, քանի որ, ինչպես Փաշինյանն ասաց՝ փորձը ցույց է տալիս, որ դրանց վրա սովորաբար արագ կուտակվում են որոշակի նյութեր, և ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը ախտահանելու խնդրի վրա:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ սեփական օրինակով է համոզվել դիմակ կրելու արդյունավետության հարցում:
Ասաց, որ իր հանրային շփումներում որևէ մեկին չի վարակել, քանի որ հիվանդանալու առաջին օրից եղել է դիմակով: