Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։
Այդ ընթացքում բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 21-ամյա բնակիչ:Հետագայում պարզվեց, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է հենց Սվաճյան փողոցում։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Երիտասարդների պարզաբանումները հանգուցալուծվել են կրակոցներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի երեք պարկուճ և երկու գնդակ։ Մալաթիայի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին միջադեպի մասնակցիների, ինչպեսև կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի մասին է։ Նրան և հրազենը հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները նաև բացատրական աշխատանք սկսեցին, ինչն արդյունք տվեց հունիսի 12-ին։
Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ բերելով հանցագործության գործիք «Կալաշնիկով» ինքնաձիգը։
Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ Տեսանյութում