Հայաստանում երեկ իրականացվել է 2297 թեստավորում, սակայն այդ թիվը մոտենում է Հայաստանի կարողությունների սահմանին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թեստավորումների թվի մեծացման անհրաժեշտության մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հարցին։
Փաշինյանը նշեց, որ իրենք ցանկանում են մեծացնել թեստավորումների թիվը, սակայն դրա համար անհրաժեշտ սարքավորումները չկան, և ունենալով փող, Հայաստանը չի կարողանում գնել դրանք։ Վարչապետը բացատրեց, որ այդ սարքավորումների դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում, և իրենք ստիպված են սպասել գնելու հերթին։
Ինչ վերաբերում է Աբովյանի այն պնդմանը, որ Հայաստանում Ուկրաինայից և Հարավային Կորեայից ավելի քիչ թեստավորումներ են արվում, Փաշինյանը, օգտվելով առողջապահության նախարարի հուշումից, ասաց, որ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում արվող թեստավորումների քանակը ավելի շատ է, քան այդ երկրներում։
Մանրամասները՝ Տեսանյութում