Աղմկահարույց հեռանալ չէր. Անի Խաչատրյանը՝ Թեհմինա Վարդանյանի՝ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը կուսակցության հետ.«Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում եւ ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:

Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարեւորագույն, բայց այլեւս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է»,-գրել էր Վարդանյանը։

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրայնն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցության ներսում կոնֆլիկտային ոչ մի իրավիճակ չի եղել.«Ներկուսակցական խնդիրներ չեն եղել։ Բավականին ջերմ հանդիպում էր»։Հարցին՝ անակնկա՞լ էր Վարդանյանի հեռանալը, Անի Խաչատրյանը նշեց, որ ինքը չէր սպասում։

Հարցին՝ հնարավո՞ր է Վարդանյանը չի կիսում այլևս կուսակցության քաղաքական դիրքորոշումը, քանի որ կուսակցության ղեկավարը մի շարք հարցազրույցներում սատարել է իշխանություններին, Խաչատրյանը նշեց, որ քաղաքական առումով քննարկում չի եղել.«Երբ Թեհմինան մեզ տեղեկացրեց, մենք հարգանքով ընդունեցինք իր որոշումը, սակայն հարաբերություններն իր և կուսակցության անդամների շարունակում են լավ մնալ։ Աղմկահարույց հեռանալ չէր»։

Նկատառմանը, որ Թեմինա Վարդանյանն ավագանու անդամ է դարձել որպես  «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդյոք քննարկում եղե՞լ է Վարդանյանի՝ ավագանու անդամի մանդատից զրկելու մասին, Անի Խաչատրյանը նշեց, որ այդպիսի խոսակցություն չի եղել.«Կուսակցության ղեկավարը՝ Արամ Սարգսյանը համարում է, որ դա Թեհմինա Վարդանյանի մանդատն է, մեզ մոտ նույնիսկ ակնարկ չի եղել այդ թեմայով։ Կուսակցությունից դուրս գալը ոչ մի ձև չի ազդելու ավագանու աշխատանքների վրա»։

Հարցին՝ Վարդանյանն այլ կուսակցության անդամ հնարավո՞ր է դառնա, Անի Խաչատրյանն ասաց, որ այս պահին կարծում է՝ չի լինի նման բան.«Այս թեմայով էլ խոսակցություն չի եղել»,-եզրափակեց Խաչատրյանը։

Նշենք, որ մենք փորձեցինք կապ հաստատել նաև Թեհմինա Վարդանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին և նամակներին չպատասխանեց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.