Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց Գերմանիայից օրեր առաջ Հայաստան վերադարձած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանին, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտների։
Գերմանիայում որպես ավագ անեսթեզիոլոգ և ինտենսիվիստ աշխատող բժիշկը պատմեց, որ դեռ մարտ-ապրիլին Գերմանիայում ունեցել են մեծաթիվ կորոնավիրուսով վարակված պացիենտներ։ Ասաց՝ մայիսին վարակը խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր և թողել ահռելի սոցիալ-տնտեսական հետևանքներ, բայց վարակը որոշակի նահանջել է, իր կարծիքով՝ բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության արդյունքում։
Բժիշկն այդ ժամանակահատվածում տեսնելով հայրենիքում համավարակով պայմանավորված սաստկացող իրավիճակը և կարդալով առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանին պահանջվում են մասնագետներ՝ «քննարկեցի նաև կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է և պատրաստ է անորոշ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս։ Գործատուից համաձայնություն ստանալուց հետո անմիջապես գնեցի տոմսը՝ առանց հետադարձի դեպի Երևան։ Նույն օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիմին»,- ասաց Մանուկյանը։
Բժիշկը շեշտեց, որ այն աշխատանքը, որ արվում է բուժկենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, աննկարագրելի է։ Ասաց՝ սա մի սարսափելի աշխատանք է՝ և հոգեբանական, և ֆիզիկական, և սեփական առողջության տեսանկյունից։ Նշեց՝ ամբողջ բուժանձնակազմը գիշեր- ցերեկ կռիվ է տալիս մահվան դեմ՝ դա պատվով անելով։ Բժիշկը խնդրեց, որ քաղաքացիները հետևեն հակահամաճարակային կանոններին ու ասաց․
«Հուլիսի 18-ին որդիս կդառնա 1 տարեկան։ Հուսով եմ, որ մինչ այդ կանոնների համատարած պահպանման հետևանքով համաճարակի զարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին»։
Մանրամասները՝ Տեսանյութում