ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ փորձել տեղում ծանոթանալ ու ներկայացնել իրավիճակը: Նրա հետ էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ընդունարանի պատասխանատուն հայտնել է, որ վերջին օրերին, շաբաթներին շատ ավելի ծանր հիվանդներ են ունենում եւ հիմա թեթեւ հիվանդներն ավել քիչ են 3-4 շաբաթ առաջվա համեմատությամբ:
Սրա հետ կապված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դա նաեւ պայմանավորված է ընդունման եւ գնահատման չափանիշների փոփոխությունով.
«Մենք ամենասկզբում այստեղ ընդունում էինք բոլոր 37 աստիճան ջերմություն ունեցող պացիենտներին: Ընդունում էինք, թեստավորում էինք, տեղավորում էինք հիվանդանոցում, նույնիսկ 14 օր պահում էինք, հիմա ի սկզբանե քանի որ չափանիշները փոխվել են, փորձում ենք բժշկուհու նշածից դուրս պացիենտներին պոլիկլինիկական համակարգով սպասարկել, որպեսզի իրենք չգան: Այնպես է ստացվել, որ թվերի մեծացմանը զուգընթաց տոկոսային հարաբերությամբ ծավալներն էլ են շատացել, հետեւաբար, ծանրների հոսքը շատացել է»:
«Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը վարչապետին է ներկայացրել հիվանդանոցի շենքային հնարավորությունները, երիտասարդ բժիշկներին, նաեւ նմուշառման սենյակը, որտեղ պատմել են, թե ինչպես է տեղի ունենում թեստի հանձնման գործընթացը եւ այլն:
Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կից նախկին մանկապարտեզի շենքը, որը հարմարեցված չի եղել որպես հիվանդանոց, բայց երկար տարիներ օգտագործվել է: Ներկայացվել է նաեւ, թե որտեղից պիտի շարունակվի հիվանդանոցի վերանորոգումը, որի նախահաշիվային աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց առաջիկա մեկ ամսում կավարտվի եւ ըստ նախարարի տենդերը կհայտարարվի:
Վարչապետը եղել է նաեւ մոդուլային բաժանմունքում, որը ըստ նախարարի շատ հարմար է արագ օգտագործման համար եւ հետագայում կարիքի դեպքում կարելի այն տեղափոխել եւ օգտագործել:
Բուժաշխատողները տեղեկացրել են, որ մոդուլային բաժանմունքում պացիենտներն սպասում են իրենց թեստի պատասխանին:
Պատահական հիվանդասենյակ մտնելով վարչապետը հետաքրքրվել է հիվանդի վիճակով եւ ինքնազգացողությամբ: Կինը պատմել է, որ վարակվել է աշխատավայրում վարակված ամուսնուց: Ունի միակողմանի թոքաբորբ, թուլություն, մկանային ցավեր, գլխացավ:
Հիվանդներից մեկն էլ պատմել է, որ թոքաբորբ ունի, բայց ջերմություն չունի: Չնայած նշում էին, որ իրենք էլ չեն հասկացել թե որտեղից են հիվանդացել, շատ ուշադիր են եղել, նույնիսկ դրսից տուն վերադառնալուց հետո ախտահանել են բոլոր իրեըը եւ ցելոֆանե պայուսակները:
Վարչապետը նաեւ զրուցել է պատուհանից դուրս նայող ընտանիքի հետ, որոնց ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով եւ բոլորը սիմպտոմներով: Նիկոլ Փաշինյանը նրանց առողջություն է մաղթել եւ սննդի վիճակով հետաքրքրվել:
Հայտնել են, որ 3 անգամյա սնունդ են տրամադրում, չնայած պարզվեց, որ ընտանիքի հայրը կորցրել է համի-հոտի զգացողությունը եւ տեղյակ չէ, թե ինչ համի սնունդ են տրամադրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ նույնիսկ համի զգացողությունը չի տուժել:
Մանրամասները՝ Տեսանյութում