Նոր բացառիկ կադրեր են հայտնվել ոստիկանի գործողություններից, որոնք հանգեցրել էին աֆրոամերիկացու մահվան

Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որը, ըստ երևույթին, ցույց է տալիս Մինեապոլիսի ոստիկանության՝ աֆրոամերիկացու մահվան պատճառ դարձած գործողություններին նախորդող պահը:

Տեսանյութը հրապարակել է Instagram-ի օգտատեր shaunking-ը: Ամենայն հավանականությամբ, ոստիկանը Ջորջ Ֆլոյդին գետնին է տապալել տեսանյութում ֆիքսված պահից մի քանի րոպե հետո: Ոստիկաններից մեկը փորձում է տղամարդուն հրել ոստիկանական ավտոմեքենայի հետևի նստարանին: Նրա գործընկերները կանգնած են մեքենայի կողքին:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության հետ վիճաբանությունից հետո մահացել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: BBC-ի փոխանցմամբ՝ Ֆլոյդին ձերբակալել էին խանութի առջև, որտեղից նա ծխախոտ էր գնել: Խանութի աշխատողը ոստիկանություն էր զանգել՝ ասելով, որ հաճախորդը կեղծ թղթադրամ է տվել:

Դեպքի վայր ժամանած 4 ոստիկանները մի փոքր դիմադրությունից հետո ձերբակալել էին Ֆլոյդին: Իսկ ոստիկանական մեքենա նստեցնելիս թեժ վիճաբանություն էր սկսվել: Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Չովինը, գետնին էր գցել անզեն տղամարդուն և գրեթե 9 րոպե ծնկով սեղմել նրա պարանոցը: Ֆլոյդը դադարել էր արձագանքել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Միջադեպի մասնակից 4 ոստիկանները ազատվել են աշխատանքից, իսկ Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր ոստիկանը ձերբակալվել է մարդասպանության մեղադրանքով:

Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմով և իրավապահների հետ բախումներով:

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.