Մարդասպան պետական հովանու ներքո. Ի՞նչ մեխանիզմ է բացահայտվել Հայաստանում

Լragir.am-ը գրում է. Հայաստանում տեղեկատվա-քարոզչական դաշտում ուժգնացած ներքաղաքական հռետորաբանության, դիմակայության, նաեւ արտաքին տնտեսա-քաղաքական տիրույթում ծավալված գործողությունների ֆոնին ստվերում մնաց Հայաստանի Քննչական կոմիտեի տարածած մի հաղորդագրություն:

Խոսքը խորհրդավոր մի հանցագործի՝ մարդասպանի մասին է, որն ըստ ՔԿ հաղորդագրության տարիներ շարունակ ոչ միայն շրջել է Հայաստանում, այլ վայելել պետական հովանի:

«Մեղադրյալը, Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2010թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարի 17-ին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում կազմվել է քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ գործ և ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ կարծիք հայտնելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անձնագրային և վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:

ՀՀ նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին անձնագրային և վիզաների վարչությունից վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012թ. մարտի 23-ից մինչև 2016թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

2011թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված աշխատանքային պայմանագրով ընդունվել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի՝ որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ», ասված էր օրերս ՔԿ տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում է 2003-2018 թվականների ընթացքում կատարված սպանությունների եւ դրանց փորձերի վերաբերյալ քննվող գործին, այդ շրջանակում պարզված նոր հանգամանքներին:

Ակնառու է, որ խոսքը վերաբերում է Հայաստանում տարիներ շարունակ շրջած եւ բարձրաստիճան հովանի ունեցած հանցագործի մասին: Թե հատկապես ինչ սպանությունների եւ սպանության փորձերի մասին է խոսքը, մանրամասներ հայտնի չեն: 2003-18 թվականներին Հայաստանում եղել են աղմկոտ սպանություններ եւ փորձեր, թե բարձրաստիճան պաշտոնյաների, թե քրեական հեղինակությունների:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ քննվող գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Խոսքը փաստացի սպանությունների կամ դրանց կազմակերպման բավականին հյուսված մեխանիզմի, ընդ որում չի բացառվում՝ արտաքին հովանի ունեցած մեխանիզմի բացահայտման մասին է, եւ հատկապես հատկանշական է այն, որ՝ իհարկե առանց անվանումների, սակայն մեխանիզմի մասին բավականին հանգամանալից հայտարարվում է ներկայիս դինամիկ ներքին ու արտաքին քաղաքական շրջափուլում: Ու՞մ է ակնարկվում, որ մեխանիզմը բացահայտված է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.