Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, բայց ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվում

shantnews.am-ը գրում է. Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ:

Նա ուղերձով դիմել է քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նա իր ուղերձում նշել է, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվում ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ:

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավար է նշանակվել նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները», — նշել է Բակո Սահակյանը:

Միաժամանակ նա հայտարարել է. «Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և միաժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետևանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարևորագույն շրջանը ևս»:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 14-ին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.