Արարատի մարզում նոր կորոնավիրուսի դեպք է գրանցվել. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատի մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 175 է։ 

«Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։

Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա առավել, քան երբևէ պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»,- գրել է մարզպետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 7-ի տվյալներով հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առավոտյան գրանցվել է 1 մահ. 93-ամյա պացիենտ, որը տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.