ՀՀ ոստիկանությունն էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման միջոցառումներում, օպերատիվ իրավիճակը գտնվում է լաիրաժեք վերահսկողության տակ։ Այս մասին այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ հավելելով նաեւ, որ կա հանցագործություննների էական նվազում։
Նա նշեց, որ, ցավոք սրտի, բակերում հաճախ մարդկային կուտակումներ լինում են, բայց ոստիկանությունն ու ԱԻՆ-ը ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարում, եւ ուժերի, քանակի հնարավորությունների սահմաններում արվում է ամեն բան։
Մհրյանը շեշտեց նաեւ, որ վերջերս համացանցում տարածված հոլովակը, որտեղ քաղաքացու ետեւից երկու ոստիկան է վազում, կապ ուներ արտակարգ ռեժիմի հետ։ «Ոստիկանները փորձել են կանգնեցնել, որ ստուգեն քաղաքացու փաստաթղթերը, չգիտես՝ ինչու, նա փախել է։ Ոստիկանը հետապնդել է, կանգնեցրել, ճշտել է, ոչ մի բան չի եղել, հարկադրանքի միջոց չի կիրառվել»,- ասաց նա։
Մհրյանի խոսքով՝ այս պահին կա մեկուսացված 16 ոստիկան, կա նաեւ կորոնավիրուսի ախտորոշմամբ 6 ոստիկան։ Սակայն նա հավելեց նաեւ, որ ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում, թեստավորվում են միայն հնարավոր շփում ունեցողները։
Հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ, փոխոստիկանապետը պատասխանեց, որ հիմա պարգեւավճար ստանալու ժամանակը չէ:
Մանրամասները՝ տեսանյութում