ՀՀ կառավարությունը ՀՀ տարածում 10 օրով երկարացնում է խստացված սահմանափակումները: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսի դրական դեպքերի աճն է: Առավոտյան տվյալներով՝ Հայաստանում 532 դեպք կա, սա նշանակում է՝ 499 մարդ շարունակում է բուժում ստանալ:
«Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Այստեղ կա 2 նեգատիվ սահման. մեկը խուճապահար լինելն է կորոնավիրուսի կապակցությամբ, մյուսը՝ չափազանց հանգիստ լինելը: Ես խնդրում եմ իսկապես շատ լուրջ վերաբերվել առկա իրավիճակին: Մեր հիվանդներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից՝ 90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում: Աշխարհի վիճակագրությունը եւս շատ վատն է, կանխատեսելի է, որ աշխարհում 1 միլիոն վարակակիրների թիվն անցնելու է:
Ես հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրում, որ կիրառվող սահմանափակումները ո՛չ կառավարության համար են, ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաների: Դրանք բոլորի համար են, քաղաքացիների անվտանգության համար են: Ես կոչ եմ անում չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Մտածենք ինքներս մեր մասին, մեր մտերիմների, հատկապես՝ ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետեւ նրանք շատ խոցելի են»,- ասաց վարչապետը:
Նա խոսեց նաեւ բջջային հավելվածով մարդկանց տեղաշարժի մասին տեղեկատվություն ստանալու օրենքի նախագծի մասին, որը քիչ առաջ ԱԺ-ում չընդունվեց: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խնդիրն այն է, որ որոշ դեպքերում դժվար է հասկանալ, թե մարդն ումից է վարակվել կամ ում է վարակել կորոնավիրուսով:
«Սահմանափակումների հետ միասին աճում են նաեւ խնդիրները, այդ թվում՝ տնտեսական»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն է պահանջում ապրել որոշակի ժամանակահատված որոշակի սահմանափակումների մեջ:
«Չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չլինի: Մենք ի սկզբանե՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասել, խիստ սահմանափակումներ չենք մտցրել, դա արվել է քաղաքացիների առօրյան չխաթարելու համար:
Պարետատունը համապատասխան որոշումը կհրապարակի: Հիմնական ուղերձը նույնն է՝ մնացեք տանը, պահպանեք ձեզ ու ձեր հարազատներին, պահպանեք կարգապահություն: Խուճապի պետք չէ մատնվել, բայց շատ հագնիստ լինել էլ պետք չէ: Դեպքերը շատանում են նաեւ այն պատճառով, որ մենք սահմանափակումները ճշգրիտ չենք պահպանում: Կան նաեւ բերովի դեպքեր:»,- եզրափակեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով համբերատարության համար:
Մանրամասները՝ Տեսանյութում