ՌԴ կառավարության կողմից երկրի սահմանները փակելու վերաբերյալ նոր որոշումը չի ազդելու Ռուսաստանից հայկական բեռների տեղափոխման վրա, ուստի որևէ անհանգստանալու առիթ չկա: այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսզարույցի ընթացքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումը շարունակվելու է նաև այդ որոշումից հետո:
Փաշինյանի խոսքով՝ Լարսում ճանապարհի բացումից հետո բեռնատարների կուտակումներ կան, և իրենք աշխատում են ռուս և վրաց գործընկերների հետ իրավիճակը կարգավորելու համար: Ըստ նրա՝ այդ հարցի շուրջ բանակցություններն արդյունավետ են և կառուցողական:
Վարչապետը վստահեցրեց, որ ընդհանրապես դեպի Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով, խանութներում պարենի պակաս չկա:
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում, բայց իրավիճակը կառավարելի է, և պետք է խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները: «Դա, իհարկե, որոշակի տնտեսական վնասներ են բերում, բայց դրանք վերականգնելի են, կարևորը մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասաց նա:
Կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են այլ որոշումներ, չորեքշաբթի դրանք կսկսեն գործել: «Պետք է մաքսիմալ համախմբված լինել, լինել միասնական, արժանապատիվ և ապագայի վերաբերյալ ռազմավարական որոշումներ կայացնել»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև հաջողություն մաղթեց Հայաստանի բոլոր գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Մանրամասները՝ Տեսանյութում