«Ինքը հակահեղափոխական, աղվանական, կոստանյանական տարր է…». Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Եթե ՀՀ Գլխավոր դատախազը մտածում է, որ Քոչարյանի դատավարության ընթացքում՝ պաշտպանելով գլխավոր ամբաստանյալի մեղադրանքը կամ Սերժիկին դատի տալով դարձել է հեղափոխական, կամ էլ՝ ոչ սերժական՝ չարաչար սխալվում է. ինքը հակահեղափոխական, աղվանական, կոստանյանական տարր է՝ նախկիններից սահուն անցում կատարած և հարմար տեղավորված հեղափոխված Հայաստանում՝ նույն սերժական մտածողությամբ, օրենքներով՝ հավատարիմ նախկին վարք ու բարքին:

Արդեն քանի ամիս է՝ պաշտոնապես դիմել եմ նախկինում իմ նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ՝ ներկայացնելով իրականությանը համապատասխան փաստական տվյալներ (չնայած որ իմ նկատմամբ մեղադրական դատավճիռով քրեական գործը վերացրել են), սակայն մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել, այնինչ՝ անձամբ եմ ներկայացել ՀՀ Գլխավոր դատախազություն և հայտնել կատարված հանցագործությունների մասին՝ պահանջելով դրանց տալ քրեաիրավական գնահատական, սակայն ՀՀ Գլխավոր դատախազը, մտածելով, որ ինքն արդեն հարց չունի այսօրվա իշխանությունների հետ արհամարհում է ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, նույնիսկ չի էլ բարեհաճում պատասխանել, մտածելով՝ եթե նախկինում ցուցմունք չեմ տվել իր նմանների դեմ, ապա հիմա էլ կշարունակեմ լռել և չեմ բարձրաձայնի, նախկին պաշտոնատար անձանց կողմից իմ նկատմամբ կատարված այնպիսի հանցավոր գործողությունների մասին, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսդրությամբ, կամ էլ մտածում է՝ կորոնավիրուսը իրեն փրկելու հարմար առիթ է՝ մեզանից մեկնումեկը կհիվանդանա, և այդ հարցը մենընդմիշտ կփակվի, սակայն պարոն Գլխավոր դատախազը չարաչար սխալվում է և զուր փրկության ելքեր փնտրում (քանի որ Արտակարգ իրավիճակից ելնելով, բոլորի պես տանն եմ և չեմ պատրաստվում հիվանդանալ, նույնն էլ հորդորում եմ իրեն ու գլխավոր հանցագործ Աղվան Հովսեփյանին՝ առողջ եղեք, որովհետև ձեզ հետ դեռ շատ գործեր կան), ավելին, լինելով ՀՀ Գլխավոր դատախազ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ պարտակում և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի նպաստում իմ կողմից ներկայացված, իմ նկատմամբ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը:Այսինքն՝ չի կատարում օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու պարտականությունները։ Կամ էլ չարամտորեն խուսափում է դրանք կատարելուց։

Բազմաթիվ կյանքեր խեղած, նախկիններից փոխանցված ու ներկայումս անպատիժ մնացած կամակատարներին ի գիտություն՝ չեմ լռելու և այլևս թույլ չեմ տալու շարունակել ձերբակալվելուս օրվանից իմ դեմ իրականացված անօրինությունները, դրանք ձեզ պարտակել չի հաջողվի՝ ոչ դուք, ոչ էլ ձեր նախկին տերերն են ինձանից լավ տղա, ոչ ձեր կրթական կամ բարոյական ցենզն է իմնից բարձր, ոչ էլ ձեր պապերն են իմ պապերից ավելի լավը եղել և եթե կարծում եք, թե պաշտոնատար անձ եք, արյունով «վաստակած» գեներալի ուսադիրներ եք կրում, ապա հիշեցնեմ, որ շատ արժանավորներ այսօր պատվով կկրեին նույն գեներալական ուսադիրները, բարեխղճորեն կատարելով օրենքով վերապահված իրենց լիազորութուններն ու պարտականությունները, մինչդեռ հենց ձեր թեթև ձեռքով իրենց ուսերին մինչ այժմ կրում են դատված լինելու խարանը, ավելին՝ ստորաբար անտեսված ու արհամարհված են ձեր կողմից:

Ոչ մի կասկած, թե իմ նկատմամբ ձեր ակնհայտ արհամարհանքը զուտ տեխնիկական պատճառներով է, դուք չունեք այնքան համարձակություն, խիզախություն և մասնագիտական հմտություն, որ դեմ գնաք, ավելին՝ բացահայտեք ձեր նախկին տերերի իրագործած հրեշավոր հանցագործությունները, ծրագրերն ու ապօրինությունները, որովհետև դուք նույնպես շաղախված եք նույն կեղտի մեջ և ունեք ձեր անձնական շահն ու առյուծի մասնաբաժինը:
Հանկարծ չմտածեք, թե հանգիստ նստելու եք ձեր տեղը, դուք և ձեր նախկինները պատասխան եք տալու իմ ու իմ նման շատ-շատերի ճակատագրերը խեղելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.