Վարչապետի՝ քաղաքացիների հետ առանձնազրույցների ընթացքում երրորդ զանգը Գյումրիի բնակիչներից մեկին էր: Կինը, որը պոլիտեխիկական ինստիտուտում որպես պահակ է աշխատում, նշեց, որ տանն ապրում են 5 անձով՝ իր աշխատավարձով, թոշակով եւ որդու հաշմանդամության թոշակով, քանի որ որդին առաջին կարգի հաշմանդամ է: Որքան էլ վարչապետը ամենատարբեր հարցերով փորձեց պարզել, թե ինչ դժգոհություններ կամ խնդիրներն ունի ընտանիքը, կինը պատասխանեց, որ ամեն բան կարգին է, իրենք դժգոհ չեն եւ ապրում են այնպես, ինչպես նախկինում:
Երրորդ զանգը դարձյալ մարզերից մեկի մի բնակչի էր: Կինը նշեց, որ մեծ դժվարությամբ են դիմանում սահմանափակումներին եւ առկա իրավիճակին, որովհետեւ ինքն ու ամուսինը չեն աշխատում, ամուսինը ժամանակավոր աշխատանքներ է կատարում եւ քանի որ գրանցված աշխատող չէ, արդեն 2 ամիս է՝ իրենց տուն գումար չի մտնում, միայն իր հիվանդ մոր 40 հազար դրամ թոշակն է, որով հոգում են այս պահին ընտանիքի ծախսերը, ինչպես նաեւ վարկ են վերցնում եւ ամեն նախորդ վարկը մարելու համար նոր վարկ են վերցնում: Այնուհետ հեռախոսը վերցրեց կնոջ ամուսինը, նշեց, որ ինքը ժամանակին աշխատել է «Աշտարակ կաթ» ընկերությունում եւ այդ ժամանակ վարկեր է վերցրել, սակայն գործարանը փակվել է, իրենց մի քանի ամսվա աշխատավարձի պարտքեր են ունեցել, որոնք չեն վճարել, եւ վարկերը կուտակվել են, ունեն մոտ 4 միլիոն դրամի վարկեր: Քաղաքացու խոսքով՝ ինքը այժմ աշխատում է, ջեռուցման համակարգեր է տեղադրում, որը սեզոնային աշխատանք է, եւ փետրվարին աշխատանք չի եղել, մարտն էլ աշխատանք չկա՝ արտակարգ դրության պայմաններում:
Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես են գոյատեւում եւ ինչ պահանջներ ունեն, քաղաքացին նշեց, որ անկեղծորեն է խոսելու. իր գործատուն իրեն ու տասնյակ այլ աշխատողների տանն է նստեցրել եւ չի վճարում՝ անհայտ պայմաններում: Վարչապետը հայտնեց, որ իրենք եթերում են, սակայն քաղաքացին կարծես թե չլսեց վարչապետի խոսքերն ու շարունակեց՝ նշելով, որ իր աշխատանքը գործարքային է, ամիս է եղել՝ 100-120 հազար դրամ է ստացել, ամիս է եղել՝ 170 հազար դրամ, գրանցված աշխատող է, սակայն գործատուից դժգոհություններ ունի:
Վարչապետի ճշտող հարցին, թե 40 հազար դրամով 2 ամիս ինչպե՞ս է ապրել ընտանիքը, տղամարդը նշեց, որ նոր վարկ է վերցրել՝ հների տոկոսները վճարելու, կոմունալ ծառայությունների վճարները տալու համար եւ ունի լավ վարկային պատմություն: Վերջին անգամ քաղաքացին վերցրել է 500 հազար դրամ, փակել է 350 հազար դրամի վարկ, վճարել կոմունալները եւ մնացած գումարով փորձում է գոյատեւել:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հաջորդ ամիս ի՞նչ է պատրաստվում անել ընտանիքը, քաղաքացին նշեց, որ պատրաստվում է երկուշաբթի օրը կրկին վարկ վերցնել՝ գոյատեւելու համար:
Վարչապետը հորդորեց դիմել «Փարոս» համակարգին, սակայն տեղեկացավ, որ ընտանիքը 5 միլիոն 800 հազար դրամի վարկ ունի եւ չի կարող նպաստից օգտվել: Նիկոլ Փաշինյանը լսեց ընտանիքի պատմությունը, նաեւ կնոջ եղբոր ընտանիքի պատմությունը եւ խոստացավ զբաղվել ընտանիքի խնդրով՝ նշելով, որ անգամ չգիտի, թե օգնությունն ինչպիսին կարող է լինել:
Մանրամասները՝ Տեսանյութում