Այսօր իրոք տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ, բայց պարոն Ծառուկյանը դեռ 2 ամիս առաջ ասել էր, որ նախանշաններ կան տնտեսական ճգնաժամի, որ պետք է քայլեր կատարվեն։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդեց, որ եթե իր խոսքը լսած լինեին, այսպես չէր լինի։ «Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, դա բոլորիս խնդիրն է, պետք է կարողանանք միասնական այս խնդրից դուրս գանք»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց նաեւ, որ եթե լիարժեք իրավասություն ունենար, այնպես կաներ, որ այս ամենն ավարտվեր ինչպես Բելառուսում։ «Բելառուսը միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, շուկաները, օդանավակայանը բաց է, մարդիկ աշխատում են»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե նա վճարում է իր աշխատողներին այն պարագայում, երբ նրանք չեն աշխատում, Ծառուկյանը պատասխանեց․ «Պետությունը արտակարգ իրավիճակը հայտարարել է, նա էլ պարտավոր է իր ժողովրդին գումար տրամադրի։ Ես խի՞ պետք է վճարեմ»։
«Եթե ես սահմանեի արտակարգ իրավիճակը, այնպես կանեի, որ ամեն ինչ իր տեղում լիներ, եւ թող ոչ մեկ չկասկածի»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ այժմ չի գործում «Շանգրի լա» խաղատունը, Ծառուկյանը պատասխանեց՝ քանի որ չի աշխատում, աշխատողների աշխատավարձերն էլ պետք է պետությունը տա, հարկերն էլ պետք է վճարի։ «Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան, կառավարիչների հետ խոսեն»,- եզրափակեց Ծառուկյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում