Հայաստանում արգելվեց առևտրի կենտրոնների, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը

Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության պայմաններում արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի), գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերների, կինոթատրոնների գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման մեջ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործունեության այդ տեսակները արգելվում են մինչև ապրիլի 14-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պետք է  ապահովեն սահմանված միջոցառումների իրականացումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. մարտի 22-ին՝ ժամը 00:01-ից:

Որոշման հավելվածով սահմանվում են գործունեության հետևյալ տեսակները՝

  1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
  2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
  3. Կինոֆիլմերի ցուցադրում
  4. Խաղատներ
  5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ

ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.