Քաղաքացիների կոմունալ վճարումները կհետաձգվե՞ն

Armdaily.am-ը գրում է. Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո շատ բանկեր հայտարարեցին վարկային արձակուրդի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր խոսեց վերաֆինանսավորման և համաֆինանսավորման երեք ծրագրի մասին: Սակայն շատերին այս օրերին հետաքրքրում է, թե ինչ է լինելու կոմունալ վճարումների հետ, արդյոք պետությունը կգնա այն հետաձգելու կամ չեղարկելու ճանապարհով: 

«Շատ հաճախ, երբ գործադիրը հասարակությանը շատ դուրեկան մտքեր է հայտնել, այնքան բարդ է, երբ լավ բան է արվում ու դու ստիպված պետք է ասես` բայց մենք այդքանի փող ունե՞նք:

Հիմա ես մի կողմից հասկանում եմ` ինչ է ասել ցանկալի, ինչ է ասել բյուջեի հնարավորություն: Սրանք էականորեն իրարից տարբեր բաներ են»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը նշեց, որ մենք դեռ շատ ծախսելու տեղ ունենք և հաշվառում պետք է իրականացնել: «Պետք է հասկանանք` որ ընտանիքն է արձակուրդ գնացել: Որովհետև պետական ծառայողը, որը շարունակելու է աշխատավարձ ստանալ` տնից աշխատի կամ չաշխատի, բիզնեսի մոտ աշխատողն էլ , որ երեկ էլ էր աշխատում, այսօր էլ է աշխատում և կա խոհարար, որը տան միակ պահողն էր ու այսօր չի աշխատում: Այս ընտանիքներին բոլորին նույնացնել հնարավոր չէ, մեր բյուջեի հնարավորություններն էլ չեն ների, որպեսզի կարողանա փոխհատուցում տալ:

Ըստ էության, հանրային ծառայություն մատուցողները չեմ կարծում, որ մեզ բարեգործություն են անելու և կոմունալները «ջրեն», որովհետև բանկերն էլ պարտքերը չեն մարել, այլ հետաձգել են: Արդյոք պետությունը կկարողանա ծառայություններ մատուցողների հետ գա համաձայնության, որ գոնե այս վճարները քաղաքացիները ոչ թե չվճարվեն, այլ դա ուշ անեն: Առնվազն բանակցություններ պետք է մեկնարկեն, որովհետև սա իսկապես անհրաժեշտ է ` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք շատ մոտ ապագայում ի հայտ են գալու»,-շեշտեց նա:

Դիտարկմանը, թե կոմունալ վճարների հետաձգումը հետագայում հավելյալ բեռ չի լինի քաղաքացիների համար, չէ որ նրանք ստիպված կլինեն կրկնակի վճարել, Պիպոյանը նկատեց.«Իհարկե կլինի: Սակայն պետությունն այս փուլում պետք է հասկանա և հնարավորինս շատ սոցիալական խմբերի համար այդ ուշացումներն ապահովի: Իսկ դրանից հետո էլ պետք է հասկանա, թե որ ընտանիքն է, որ եկամուտների էական անկում չի ունեցել և ի վիճակի է այդ վճարումները կատարել և ովքեր են, որոնք էական եկամուտների անկումներ են ունեցել»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.