Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

armtimes.com-ը գրում է.  Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության հերքում եւ բարոյական վնասի դրամական փոխհատուցում:

Օրբելյանը, մասնավորապես, զրպարտություն է համարել մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ  ինքը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա­գրվել սահմանված կարգով»։ Փաշինյանը նշել է, որ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

Ըստ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերու­թյան, որի ավագ գործընկերն է Օրբելյանը՝ ելույթի այդ հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք՝ հիմնավորելու քարոզ­արշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուս­տատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համար­վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան։ Մինչ դա փաստաբանը գրավոր դիմել էր նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուս­տատեսության տնօրինությանը՝ խնդրելով իրեն տրամադրել հաղորդ­ման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ըստ փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի՝ Հանրային հեռուստատեսությունից դիմումին չէին արձագանքել, իսկ ԱԱԾ-ից նշել էին, որ Օրբելյանի գործողություններին իրավաբանական գնահատական չի տրվել, եւ քրեական գործը հարուցումը մերժվել էր ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Սեդրակ Ասատրյանն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապա­տասխան գործով դատարանի որոշմանը, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին. «Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնա­ծու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջ­ազգային ասպա­րեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին»: Հիշեցնելով Սահմանադրությամբ ամրագրված անփոփոխելի 3-րդ հոդվածը, ըստ որի՝

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազա­տությունների անքակտելի հիմքն է, եւ որ մարդու և քաղաքացու հիմնա­կան իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, փաստաբանական ընկերությունը հորդորում է բոլորին, իսկ հանրային իշխանությունից՝ պահանջում ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Նշենք, որ datalex.am դատական տեղեկատվական համակարգում դեռեւս տեղեկություն չկա հայցի մակագրվելու եւ վարույթ ընդունելու մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.