«Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի»,- խոսելով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց մասին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կարծում եմ, առաջին դեպքի ժամանակ մեկուսացված 31 անձինք թեստ անցնելուց հետո տուն կգնան, քանի որ նրանց մոտ որևէ ախտանշան չի երևացել»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկուսացումը որքանով կարող է նպաստել վարակի տարածման կանխարգելմանը, Թորոսյանն ասաց, որ ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը համաճարակների կանխարգելման միակ գործիքներն են:
«Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»,- ընդգծեց նախարարը:
Նա նորից կոչ արեց համաճարակի օջախ հանդիսացող վայրերից վերադարձած քաղաքացիներից աշխատել սահմանափակել շփումները, ինքնամեկուսանալ և ամենակարևորը՝ գանգատների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես հայտնել բժշկական ծառայություններին, որոնց հեռախոսահամարները հրապարակված են որպեսզի հնարավոր լինի թեստ կատարել և թեստի արդյունքների հիման վրա որոշել հիվանդ է տվյալ անձը, թե՝ ոչ:
Նա նաև հիշեցրեց, որ վարակված անձը հինգ րոպե մեկ կամ երկու օր հետո վարարակիր չի համարվում , որովհետև անհրաժեշտ է վիրուսի մեծ քանակ, որպեսզի այն արտազատվի և ուրիշներին վարակի:
«Հետևաբար այդ սխեման՝ հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել կոնտակտավորներին միակ գործուն սխեման է հիվանդության շղթան կոտրելու համար»,- նշեց նա և ավելացրեց, որ հիվանդությունը նոր է և նշել, թե տվյալ անձը գաղտնի շրջանի որ օրից սկսած է համարվում վարակակիր, շատ դժվար է, սակայն, երբ հիվանդը չի հազում կամ փռշտում, դիմացինին վարակելու հավանականությունը շատ փոքր է:
Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում են ինքնամեկուսացվողների համար վարչական պատասխանատվության մեխանիզմները:
Մանրամասները Տեսանյութում