Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանին, որն օրեր առաջ Ստեփանավանում տան հարցով մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ծանոթացել ենք Ձեր երեկվա հարցազրույցին, որտեղ ասում եք, որ վատառողջ եք։ Տեսանյութին ծանոթանալուց հետո մեր հայրենակիցներից տարբեր մարդիկ կապվել են իմ հետ, խնդրել են, որ այսօր գամ այստեղ: Մեր համաքաղաքացիները և արտերկրում ապրող հայրենակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Ձեզ։ Շատ չեմ մանրամասնի, անտեղի շահարկումներ թույլ չտալու համար, գիտեք, ընտրական պրոցեսի մեջ ենք», — ասաց Մեխակ Առաքելյանին այցելած Սիփան Փաշինյանը։
Նա նշեց՝ Առաքելյանին տրամադրվող օգնության մասին առավել մանրամասն կներկայացնի հանրությանը հանրաքվեից հետո, որպեսզի շահարկումներ չլինեն։
Հիշեցնենք՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ վերջինս, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։
«Ոտդ, ձեռդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պտի լուծես։ Պա՞րզ ա։ Եթե ոտ ու ձեռ ունեցող տղամարդը գալիս ասում ա՝ վարչապետ ջան, կամ առանց ջանի, ես տուն չունեմ, է ես էլ չեմ տուն ունեցել, ո՞րդից եմ տուն ստեղծել, աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը», — ասել էր Փաշինյանը։
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն իրականում առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։
Մանրամասները՝ Տեսանյութում