NEWS.am-ը գրում է. «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողություններից բացի անցած գիշեր ոստիկանները նրա ընկերոջ տուն են այցելել. սկզբում բերման ենթարկել ընկերոջ հորը, հետո բաց թողել ու բերման ենթարկել ընկերոջը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց բերման ենթարկվածի հայրը՝ Ժորա Գրիգորյանը։
«Դուռը կիսաբաց արեցի, որ տեսնեի՝ ով է, ձեռքիցս բռնեցին, քաշեցին, գցեցին պադեզդի մեջ, կանդալեցին տռուսիկ-մայկով ու այդպես մինչեւ մեքենա տարան։ Զենքը պահել էին 80 տարեկան մորս եւ կնոջս վրա։ 90 տարեկան հայրս պառկած էր, եկել, վերմակը բարձրացնում են՝ տեսնեն՝ տակը ով է պառկած։ Էրեբունու բաժնի օպերներն էին մասկա հագած։ Ինձ մինչեւ մեքենան հասցրին, այդ պահին տղաս եկավ, ինձ բաց թողեցին ու տղայիս 20 հոգով գցեցին գետնին ու տշելով մտցրին մեքենան ու տարան։
Առավոտյան հետ եկավ տուն։ Թվով 5-6 մեքենա էին, երեւի մոտ 35-ից 40 հոգի էին։ Ամբողջ տունը շրջափակել էին։ Չհասցրին վնաս տալ տանը, ես տանը մեծ շուն ունեմ, շատը շնից վախեցան»,- պատմեց Ժորա Գրիգորյանը։
Նա ասաց, որ ապրում է Տիգրան Մեծ-ում։ Նշեց նաեւ, որ որդուն բերման ենթարկելու ընթացքում ծեծել են։ Հիմա որդին ազատության մեջ է։
Նշենք, որ կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Նշենք, որ փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։
Մանրամասները armlur.am-ի Տեսանյութում