«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում տնից անհետացել են Արամ Վարդանյանի ոսկե շղթան՝ խաչով, օգտագործված օծանելիք, ոստիկանները տարել են նաև DVR-ները (նկարահանող սարքերը)։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Այդ գազանությունը, որ երեկ այստեղ արվել է, տեսագրվել է, եւ առկա է DVR –ներում, մենք, բնականաբար, դա կպահանջենք, բայց նշեմ նաեւ, որ ինքներս էլ տեսանկարահանում ենք կատարել: Մեր տեսադաշտում չի եղել որեւէ այլ անձ, որը ներս կմտներ, եւ այդ ամենը կհափշտակեր, այսինքն՝ ենթադրվում է, որ ոստիկանների կողմից է դա արվել, բայց եթե նույնիսկ իրենք չեն հափշտակել, այլ ստեղծել են իրավիճակ, որի արդյունքում հափշտակություն է կատարվել, իրենք պետք է պատասխան տան դրա համար»:
Փաստաբանը շեշտեց, որ Ոստիկանությունը իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն զբաղված է իմիտացիաներով. «Զբաղված է մարդկանց ասֆալտին փռելով, նկարահանումներ կատարելով, վարչապետին տրամադրելով, որպեսզի վարչապետն էլ իր ֆեյսբուքյան պատին տեղադրի, արդյունքում կան բազմաթիվ սպանություններ, վիրավորներ, որոնցով մեղավորներ չեն բացահայտվում։ Փորձելու ենք ներպետական ատյաններում բոլոր միջոցներով այս հարցերը բարձրացնել, եւ ես կարծում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ստիպված ենք լինելու հասնել մինչեւ Եվրոպական դատարան»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։
Մանրամասները՝ Տեսանյութում